Հայաստան Քաղաքականություն 

Երևանի փողոցներում որոշ մարդիկ կարող են խնդիրներ ունենալ հանգիստ քայլելու մասով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը և նրան ուղեկցող մարդիկ հայհոյանքներ են հնչեցրել Ազգային ժողովի մոտ ցույց անող մարդկանց հասցեին՝ նշելով, որ կա նաև տեսանյութ: Պատգամավորը ցանկացավ լսել այս մասով վարչապետի մեկնաբանությունը:

Վարչապետը նշեց, թե այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իր այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտի. «Եթե պատշաճ ձևով կատարած լինեին, կարծում եմ երեկվա միջադեպը չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն»:

Վարչապետը հայտնեց, որ երեկ հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հետ շփման ժամանակ ՀՀԿ-ականները և ոչ միայն նրանք, բավականին հուզված են եղել. «Ես իմ կողմից ամեն ինչ արեցի լարվածությունը նվազեցնելու համար: Նույնիսկ կատակներ արեցի: Բազմիս ասել եմ ու հիմա էլ եմ ասում, որ մեր ժպիտները պետք չէ ընդունել որպես թուլության նշան:

Երեկ, երբ խոսվում էր այն մասին, թե ինչ եմ ես ակնկալում ՀՀԿ պատգամավորներից, ես պարզ ասացի, որ ուզում եմ նրանց աջակցությունը հենց նրանց նկատմամբ մարդկանց տրամադրվածությունը փոխելու համար, քանի որ նրանք շատ են բողոքում սոցկայքերում իրենց հասցեին հնչեցվող հայտարարություններից: Սա շատ կարևոր է:

Չգիտեմ, թե ովքեր են եղել հայհոյողները, սակայն Միհրան Պողոսյանն այնտեղ է եղել: Եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, նշանակում է, որ նա լավ չի հասկացել այն, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Երեկ ես զգացի, որ ինձանից առավել մեծ ջանքեր են պահանջվում մեր հայրենակիցներին իմ խնդրանքներն ու հորդորները հասցնելու համար, որ պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողականություն: Այս առումով ես կարծում եմ, որ մենք իսկապես ունենք խնդիր:

Եթե պարզվի, որ որևէ պատգամավոր, կամ պատգամավորին ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան խիստ հակահարված օրենքի կողմից: Ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները բավարարված կզգան դրանից: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր նման արարքների հեղինակներ են, որ մեր ուժերը կարող են չբավարարել, որպեսզի ոմանց Երևանում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր տեղեկություններով այդ գործով կան բերման ենթարկվածներ:

Նույն շարքից