Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ես պարզապես Նիկոլ Փաշինյան եմ. Վարչապետի միամիտ պատասխանը՝ ՀՅԴ-ական պատգամավորին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ վերջինս հանրահավաքներին մասնակցել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՝ որպես ՔՊ նախագահ Նիկոլ Փաշինյան:

Վարչապետը հայտարարեց, որ կպատասխանի միամիտ կերպով. «Ես պարզապես Նիկոլ Փաշինյան եմ»:

ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկմանը, թե հանրության մի մասի մոտ կարծիք կա, որ վարչապետ Փաշինյանը շատ արագ կերպարանափոխվում է՝ վարչապետից դառնալով հանրահավաքի ղեկավար, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով. «Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, անելիքներում, ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Ես ասում եմ, որ հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանն ու այն, ինչ հիմա ասում եմ, կարող եմ ասել նաև հանրահավաքներում: Ինչ վերաբերում է իմ ելույթին, ապա այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ, խոսել եմ որպես վարչապետ և այն չի վերաբերել նախընտրական քարոզչությանը, իսկ ինչ վերաբերել է նախընտրական քարոզչությանն, ասել եմ որպես մի մարդ, ով իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության վերաբերյալ»:

Նույն շարքից