Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե ովքեր կփոխարինեն պաշտոնանկ արված ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին, ասաց, որ հարցը քննարկում են. «Կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու, առաջնային լինելու են պրոֆեսիոնալ կարողությունները: Սա չի նշանակում, որ կլինեն անկուսակցականներ, սակայն չի էլ նշանակում, որ կլինեն կուսակցականներ»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարներին հեռացնելու մասին: Իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը:
Վարչապետը խոսեց նաև այն դիտարկումների մասին, որ քաղաքացիները դեմ են նրա հրաժարականին, քանի որ կա վարկած, որ մյուս կողմը վարչապետի թեկնածու կառաջադրի ու կընտրի: Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարի արդեն Հանրապետականներն առաջադրել և ընտրել են վարչապետ, ու բոլորը հիշում են, թե ինչ եղավ: