Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հանրությանը բաժանելու մարտավարություն կարող է կիրառել ցանկացած ոք, բացի երկրի ղեկավարից.Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայաստանում կատարվող քաղաքական զարգացումների մասին   Analitik.am-ը զրուցեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար,  քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ, ով նշեց, որ Փաշինյանը չի  ասում, թե ինչ քաղաքականություն է վարելու Ղարաբաղյան խնդրի կարգավորման, անվտանգության և այլ հարցերում, հետևաբար հնարավոր չէ կողմ լինել վերջինիս  քաղաքականությանը, քանի որ այն ուղղակի չկա: Ինչ վերաբերում է երեկ՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած իրադարձություններին, ապա Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Փաշինյանն իրավունք չուներ խեղաթյուրել օրենքի նախագծի իմաստը.  « Դա օրենքի նախագիծ էր, որը կոչված է ապահովելու խորհրդարանի ինքնուրույնությունը և առանց ճնշումների որոշումներ կայացնելու հնարավորությունը, հետևաբար,   Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ այլ բովանդակություն տալ և խեղաթյուրել այդ նախագծի  իմաստը: Նա նաև իրավունք չուներ այդ ամենն անվանել հակաժողովրդական, իսկ օրենքին կողմ քվեարկած  պատգամավորներին էլ՝  հակահեղափոխական և ժողովրդին դեմ գնացող: Փաշինյանը նաև մեղադրանքներ հնչեցրեց նախագահ Սարգսյանի  հասցեին՝ ասելով, որ եթե նա ստորագրի, ապա հակաժողովրդական քայլ կանի: Նախագահի հասցեին նման արտահայտություններ անելու իրավունք Փաշինյանը նույնպես չուներ»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, ուստի նա ամեն ինչ դիտարկում է այդ տեսանկյունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ երևույթները կամ խնդիրներն անմիջական կապ չունեն դրա հետ.  «Փաշինյանը հիմա ամեն ինչ դիտարկում է այդ օրակարգի լույսի ներքո՝ անգամ եթե խնդիրներն անմիջականորեն կապ չունեն դրա հետ կամ մասնակիորեն կապ ունեն, նա մինչև վերջ սրում է իրավիճակը  և իր համար կարևոր համարվող խնդիրը փորձում լուծել ոչ քաղաքական ճանապարհներով: Դա քաղաքականություն չէ, դա ընդամենը ճնշում է, որն արդեն իսկ որպես քաղաքական առաջնորդ թուլացնում է իր դիրքերը: Փաշինյանի ղեկավարած  կառավարությունը պետք է վերադառնա խնդիրները քաղաքական մեթոդներով  լուծելու մարտավարությանը:  Չի  կարելի ժողովրդին կամ իրեն աջակցող հատվածին օգտագործել զուտ որպես ճնշման մեխանիզմ՝ իր համար կարևոր խնդիրներ լուծելու հարցում: Ինձ մտահոգում է այն փաստը, որ  հասարակությանը փորձում են  բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, ինչի արդյունքում մենք ունենում ենք բաժանված, մերժողական տրամադրություններով մթնոլորտի առկայություն: Այս վիճակը  կարող է դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի համար»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ սպառնալիքը միայն ներքին է, թե կարող է արտաքին վտանգներ էլ պարունակել, Մելիք-Շահնազարյանն ասաց, որ արտաքին վտանգներ միանշանակ կան.«Եթե մենք  ուզում ենք ունենալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, ապա այն պետք է ձևավորված լինի բացառապես քաղաքական մեթոդներով և չպետք է շահարկվեն  ճնշման որևէ միջոցների դիմելը: Այս պահին հանրությանը բաժանելու մարտավարություն է որդեգրված, քանի որ այն մարդիկ, ովքեր դեմ են ճնշման միջոցների կիրառմանը, անվանվում են հակահեղափոխականներ: Ի վերջո, սա ճիշտ մոտեցում չէ, երկրի ղեկավարը պետք է լինի ամբողջ Հայաստանի, ՀՀ բոլոր քաղաքացիների ղեկավարը, այլ ոչ թե միայն իր համակիրների: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ամեն մարդ էլ կարող է հանրությանը մասերի բաժանելու մարտավարություն կիրառել, ցանկացած ոք կարող է դա անել, բացի երկրի ղեկավարից»:

Հրաժարական տալու մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասով էլ Մելիք -Շահնազարյանն ասաց, որ կողմ է հրաժարականին.  «Թող հրաժարական տա, ես կողմ եմ: Ես չեմ տեսնում Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ չկա օրակարգ Ղարաբաղյան խնդրի  կարգավորման, անվտանգության հարցերի  լուծման, ազգային արժեհամակարգի պահպանման և ամրապնդման մասով: Այս և մի շարք այլ հարցերի հետ կապված  ես որևէ որդեգրած քաղաքականություն չեմ տեսնում: Երբ տեսնեմ, այն ժամանակ կկարողանամ դիրքորոշման մասով արտահայտվել: Այս պահին քաղաքական օրակարգ չկա, տեսնում եմ միայն արձագանքներ, որոնք, իմ կարծիքով, հաճախ վնասում են նախկինում ունեցած ձեռքբերումները» :

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից