Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով կառավարության այն հայտարարություներին, որ ներդրումներ Հայաստանում չկան, քանի որ ներդրողները սպասում են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում. «Ես կարող եմ ասել, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իմ գրասենյակ շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից: Պետք է ասեմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից»:
Գասպարյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները ժողովրդի պահանջն է:Նրա խոսքերով, Հայաստանում իրավիճակը կայուն է, իսկ ընտրություններն արձանագրում են քաղաքական իրականությունը. «Արտահերթ ընտրությունները կապ չունեն ներդրողների կամ գործարարների հետ: Բոլոր ներդրողները, գործարարները, որոնք եկել են մեր գրասենյակ, առաջին հերթին նշում են քաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել: Իհարկե, մեծ նվաճում էր նաև Երևանի քաղաքապետի ընտրությունները»: