ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելու համար սուր խոսակցություն է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգյանի հետ: Այս մասին Ծառուկյանը հայտնել է Կենտրոն Հ/Ը-ի հետ հարցազրույցի ժամանակ:
ԲՀԿ նախագահի խոսքերով, իր հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն և հարց տվել, թե ինչ կատարվեց՝ հայտարարելով, որ մեջքից խփել են. «Անմիջապես զանգել է, և ես ասացի, եթե իր գործընկերը լինեի, իր կողքին կլինեի: Ես ընդդիմադիր եմ և ընդդիմադիր գործընկերներիս հետ եմ: Ամբողջ թիմին տեղյակ եմ պահել»:
Ծառուկյանը նշել է, որ մեծ քանակությամբ ջուր է ուղարկել ցուցարարներին, հենց սկզբից նրանց հետ է եղել, աջակցել է Նիկոլ Փաշինյանին և մյուս բերման ենթարկված պատգամավորներին՝ դա անելով այն ժամանակ, երբ անգամ Փաշինյանը չէր կարող մտածել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա. «Կոկորդս էր հասել, պետք է պրծնեինք: Բայց ես չեմ ցանկացել, որ արյուն թափվի: Ես ստից բառեր չեմ ասում: Խորհրդարանում էլ հարցը բարձրացրեցինք: Հիմա ասում են՝ մենակ, երեք հոգով, խի՞ երեք հոգով հեղափոխություն է լինո՞ւմ: Ասենք թե Արամ Սարգսյանը, այդքան նվիրյալ, որ իր կյանքը կտա, Մարուքյանը, Մանեն, ոչ մի բան չեն արե՞լ: Ինքը մենակ արե՞ց ու մարդիկ եկա՞ն: Չի կարելի եղբայր»:
Ծառուկյանը հիշեցրել է նաև այն մասին, որ խորհրդարանում ձայն են տվել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, այնինչ կարող էր իր թեկնածուն ունենալ, բայց պաշտոնի նկատմամբ մոլուցք չունի. «Ասել եմ, որ իմ ժողովուրդն ում ուզի, նրան եմ աջակցելու: Այսօր հեղափոխությունն առանց արյան չի լինում: Վլաստը հենց այնպես չի տրվում, բայց Ծառուկյանն ամեն ինչ մի կողմ դրեց: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովուրդը ոտքի էր կանգնել, արյունով կլիներ, թե՝ այլ կերպ, լինելու էր: Բայց ես աջակցել եմ, որ օրինական լինի: Ես ոչ պաշտոն եմ ուզում, ոչ էլ փող»: