Թող տպավորություն չստեղծվի, որ նոր կառավարությունը Հայաստանում մեկնարկելիք Ֆրանկոֆոնիայի միջոցառման մասով զրոյական կետից է սկսում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Եսայանը նշեց, որ կայանալիք գագաթաժողովի կազմակերպումը նաև նախկին իշխանությունների՝ նախկին նախագահի, նախկին ԱԳ նախարարի, նաև խորհրդարանի և այլ պաշտոնյաների ջանքերի արդյունքն է. «Մեծ է նաև Շառլ Ազնավուրի ազդեցությունն ու ներգրավվածությունն այդ գործում: Մենք Ֆրանկոֆոնիայի լիարժեք անդամ ենք, սակայն ոչ բոլորս ենք ֆրանսերեն խոսում, իսկ այնտեղ չափանիշներ կան, որոնք մեր մասով մի քիչ մեղմացվել են»:
Եսայանն անդրադարձավ համացանցում տարածված այն տեղեկություններին, որ ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար: Պատգամավորը կոչ արեց որոշ քաղաքական ուժերի և որոշ լրատվամիջոցների չափը չանցնել, քանի որ կեղծիքն ու ապատեղեկատվությունն էլ պետք է չափի մեջ լինի. «Այն քաղաքական միավորը, որը կանգնած է այդ գագաթաժողովի ակունքներում, չի կարող նման բան անել»: