ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հանրապետականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, նշեց, որ Հանրապետականը ոչ ինքնանպատակ թեկնածու է առաջադրելու, ոչ էլ ինքնանպատակ գնալու է արտահերթ ընտրությունների. «Ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար, պատճառահետևանքային կապ: Այն, ինչ առաջարկում է վարչապետը, լավագույն տարբերակը չէ, եթե չասեմ, որ վատագույնն է: Երբեմն ստիպված ես լինում ընտրել վատի ու վատագույնի միջև: Հիմա գնդակը նրա դաշտում է, նա ըստ Սահմանադրության իրավունք ունի հրաժարական տա, կամ չտա: Երբ հրաժարական տա, քաղաքական ուժերը կքննարկեն՝ առաջադրվում է թեկնածու, թե՝ ոչ»:
Շարմազանովի խոսքերով, վարչապետ Փաշինյանի վերջին քայլերն ու ասածները հակասում են հենց նրա մինչ այդ ասածներին. «Մեկ ամիս առաջ նա ասում էր, որ ընտրությունները կլինեն մայիս-հունիս ամիսներին: Այսօր մի բան են ասում, մի քանի օր հետ՝ այլ բան»:
ԱԺ խոսնակը կարծում է, որ Կարգին Հայկոյի ընտրությունից հետո Փաշինյանը որոշել է, որ այդքան տոկոս կունենա, մի քանի հատ գրպանային ընդդիմություն կունենա ու կունենա 100 տոկոսանոց խորհրդարան.
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանում էյֆորիան 15 տարի չի անցնելու, Շարմազանովը նշեց, որ քաղաքական մեծամտությունը կործանել է հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների. «Մենք տեսել ենք 90 տոկոսից ավելի ձայն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանին: Աստված տա Հայաստանում լինի մի ղեկավար, ում ժողովուրդը 15 տարի կծափահարի»: