Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը տեղյակ է եղել քվեարկության մասին. Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ի մոտ որևէ նահանջ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ հավելելով՝ ինչ-որ ասում են, ասում են. «Քաղաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Մենք ասել ենք, որ բանակցությունները շարունակվում են: Երեկ էլ եմ ասել, որ որևէ քաղաքական ուժ չի ցանկանում երկիրը տանել ցնցումների: Պետական մոտեցումները միշտ էլ գերակշռել են կուսակցական մոտեցումներին»:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կլինեն դեկտեմբերին, եթե ժողովուրդն այդպես է ուզում:

Մելքումյանը, անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշեց, որ քննարկվել են բոլոր սցենարները, եղել է տեղեկատվության փոխանակում. «Երբ կլինեն վերջնական շփումներ, վերջնական որոշում կկայացվի: Մենք քաղաքական մարմնի որոշում չունենք դեռ»:

Ինչ վերաբերում է նրան, տեղյակ է եղել արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն աղմուկ բարձրացրած օրինագծի քվեարկության մասին՝ Մելքումյանը նշեց, որ վերջինս տեղյակ է եղել. «Ինչպե՞ս կարող էր կուսակցության նախագահը տեղյակ չլիներ»:

Նույն շարքից