Իրավական Հասարակություն 

Ոստիկանությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել

analitik.am

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը:

Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը:

Օպերատիվ շտաբը գագաթաժողովի ողջ ընթացքում համակարգելու է տեղեկատվության հավաքման և ամփոփման, վերակարգերի ծառայության հսկողություն իրականացնող, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական ապահովման խմբերի աշխատանքը:

Օպերատիվ շտաբը շուրջօրյա գործելու է հոկտեմբերի 6-ի ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 24-ը:

Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես և օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` հասարակական կարգի պատշաճ ապահովման և արագ արձագանքելու նպատակով:

ՀՀ ոստիկանությունն անում է ամեն ինչ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու ուղղությամբ և ակնկալում է քաղաքացիների սրտացավ աջակցությունն այդ գործում:

Նույն շարքից