Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հանրապետականը վարչապետի թեկնածու առաջադրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, հայտարարեց, որ Հանրապետականի քայլերի մասին հետո կտեղեկացվի:
Գալուստ Սահակյանը կարծում է, որ ժողովուրդը հիմա միայն մեկ բան է ուզում՝ հանգիստ ու լավ ապրել: Հարցին, թե ինչու իրենք իրենց իշխանության տարիներին դրա համար պայմաններ չստեղծեցին, Սահակյանը հայտարարեց, որ իրենք շատ մեծ բան են արել. «Մենք երկրի անկախությունն ենք ստեղծել, մենք Ղարաբաղն ենք վերցրել: Այս պետության մեջ ինչ կա, կարողացել ենք զարգացում ապահովել: Ժողովուրդը բնականաբար և այսօր լավ չի ապրելու և վաղը լավ չի ապրելու, որովհտեև մենք փակ պետություն ենք այսօր, կարողանում ենք անել այն, ինչը հնարավոր է լինում»:
ՀՀԿ-ական պատգամավորը չհերքեց, որ կոռուպցիոն երևույթներ են եղել և ողջունում են դրանց բացահայտումը, սակայն միայն դրանով երկիրը չի կարող առաջ գնալ:
Սահակյանը վստահ է,որ այսօրվա իշխանությանն աջակցում է ժողովրդի 30 տոկոսը, ինչը ցույց տվեցին Երևանի ընտրությունները: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համակիրներին, պատգամավորի խոսքերով, նրանք կան և ոտքի վրա են լինելու միշտ:
Ընտրությունների մասով ՀՀԿ-ականը նշեց, որ դրանք պետք է կայանան ժամանակին. «Ես չեմ կարծում, թե ընտրությունները դեկտեմբերին կլինեն: Կառավարության ծրագրով ընտրություններ պետք է լինեն մեկ տարվա մեջ»: