Հասարակություն գլխավոր 

Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե յաման»-ի հնչյունների ներքո, ճանապարհեցին՝ ծափերով

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, տեղի ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի համազգային արարողությունը: Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսու Օլանդը, գործող նախագահ Էմանուել Մակրոնը:

Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մեծ շանսոնյեի հրաժեշտի արարողությունը մեկնարկեց Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերով, իսկ նրա մարմինը դուրս բերվեց դուդուկի հնչյունների ներքո՝ ամբողջ աշխարհին հնարավորություն տալով լսել հայկական «Դլե յաման»-ը: Նշենք, որ մեծ երգչի դագաղը փաթաթված էր Ֆրանսիայի դրոշով, ինչն արվում է միայն բացառիկ դեպքերում:

Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ափսոսանք հայտնելով, որ չհասցրեց անձամբ ծանոթանալ Ազնավուրի հետ և խոստանալով կառուցել նրա երազած երկիրը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին նշեց, որ Ազնավուրը բոլորին ապրեցրել է իր երգերով. «Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:

Արարողությունն ավարտվեց ծափահարություններով, ներկաները հենց այդպես ճանապարհեցին աշխարհահռչակ հային:

Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13:00-ին:

Նույն շարքից