Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն Արցախի հրամանատարությանը հորդորել է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն, պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը:
Analitik.am-ն այս մասին խոսեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով նշե, որ Տոնոյանի ասածը կարելի է դիտարկել որպես դիրքորոշում. «Կարծում եմ՝ Տոնոյանի ասածն ավելի շուտ եղել է տեսակետ կամ դիրքորոշում: Մենք միշտ ասել ենք, որ չենք խախտում զինադադարի ռեժիմը և խաղաղ կարգավորման կողմնակից ենք»:
Բաբայանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք միշտ կասեցրել են և շարունակելու են կասեցնել իրենց դեմ արված ցանկացած ոտնձգություն. «Հայաստանը մեզ համար ուրիշ պետություն չէ, մենք մի հայրենիք ենք, բայց 2 տարբեր պետություն, և Տոնոյանի ասածն էլ ավելի շուտ դիրքորոշում է, ոչ թե ինչ-որ հրահանգ: Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ պատրաստ չենք կամ վախենում ենք պատերազմից, պարզապես խաղաղ կարգավորումն ավելի գերադասելի է, քան պատերազմը»:
Մեր այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Տոնոյանի հայտնած դիրքորոշումը արձակել Ադրբեջանի ձեռքերը, Բաբայանը պատասխանեց, որ անկախ որևէ հայտարարությունից, ադրբեջանական կողմը միշտ էլ խախտում է զինադադարի ռեժիմը. «Անկախ որևէ հայտարարությունից, նրանք միշտ էլ խախտում են զինադադարի ռեժիմը, բայց պետք է հասկանալ, որ եթե մեր պետության անվտանգության և անկախության նկատմամբ նրանց կողմից քայլեր ձեռնարկվի, այդ քայլերը կասեցնելու համար հակառակորդը մեր կողմից ուժգին պատասխան է ստանալու»:
Օֆելի Իսրայելյան