2019 թվականի Համահայկական 7-րդ ամառային խաղերը պետք է տեղի ունենան Արցախում, ինչի հետ կապված որոշումը կայացվել է ամիսներ առաջ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից: Սակայն այդ խաղերը վտանգված են:
Analitik.am-ին լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության սփյուռքի և հայաստանյան թևերի միջև լուրջ կոնֆլիկտ կա: Ըստ տեղեկությունների, ՀՅԴ սփյուռքի մարմիններն աջակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին և դեմ են Հայաստանի ՀՅԴ մարմնի ներկայիս քաղաքական դիրքորոշմանը: Վերոնշյալով պայմանավորված՝ նրանք տեղեկացրել են ՀՅԴ Հայաստանյան մարմնին, որ դեմ են Համահայկական 7-րդ ամառային խաղերի Արցախում անցկացմանը, ինչպես նաև չեն աջակցելու դրանց կայացմանը: ՀՅԴ այս երկու մարմինների մինչև կոնֆլիկտն այնքան է խորացել, որ սփյուռքի կառույցները նշել են նաև, որ կարող է այլևս ներդրումներ չկատարեն Հայաստանում:
Այն մասին, որ ՀՅԴ-ում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, օրեր առաջ ակնարկեց նաև ՀՀ վարչապետ Փաշինյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե բացառվո՞ւմ է արդյոք համագործակցությունը Դաշնակցության հետ, հայտարարեց, որ այդ կուսակցությունը միաշերտ չէ, կան բազմաթիվ շերտեր:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի և ՀՀ իշխանությունների տեսակետները հատկապես տարբեր են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասով : Եթե կառավարությունը պնդում է, որ դրանք պետք է անցկացվեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն հայտարարում է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան բոլոր անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները կատարելուց հետո: