Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը կարող է երկխոսության գնալ իր կողմից հակահեղափոխական անվանած ուժերի հետ. Լենա Նազարյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ուրախ է, որ քաղաքական ուժերի դիրքորոշումը մեղմացել է: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի այն հայտարարությանը, թե կուսակցությունը համաձայն է, որ արտահերթ ընտրությունները լինեն դեկտեմբերին, եթե կոնսենսուս լինի բոլոր քաղաքական ուժերի միջև:

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք ՔՊ-ն գնալ երկխոսության, Նազարյանն ասաց, որ այն երբեք չպետք է դադարի և դրա հնարավորությունն իրենց կողմից միշտ կա. «Մենք միշտ պատրաստ ենք եղել բանակցել: Այսօր էլ դրա հնարավորությունն անձամբ ես սպառված չեմ համարում»:

Նազարյանի համար կարևոր է, որ քաղաքական ուժերը պարզ խոսեն՝ արդյո՞ք թեկնածու առաջադրելու են, եթե Փաշինյանը հրաժարական տա և այլն. «Այդ հայտարարությունները նրանց կողմից պետք է լինեն, դա շատ կարևոր է: Նրանք պետք է հասկանան, որ թեկնածու առաջադրելու դեպքում ճոճում են նավակը, որի մեջ իրենք են գտնվում: Պետք է սթափ գնահատել իրավիճակը: Ես նաև կարևորում եմ յուրաքանչյուր պատգամավորի դիրքորոշումը»:

Հարցին, թե ասվածը նշանակում է արդյո՞ք, որ Փաշինյանը պատրաստ է երկխոսության գնալ իր կողմից հակահեղափախական անվանված ուժերին, պատգամավորը նշեց, որ երկխոսոթյան հնարավորությունը երբեք սպառված չպետք է համարել. «Կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ պետք լինի անտեսել հոկտեմբերի 2-ի չարամիտ նախագիծը, որի շուրջ կոնսոլիդացվեցին այդ ուժերը»:

Քաղաքական ուժերը, ԵԼՔ խմբակցության ղեկավարի խոսքերով, չեն հավաստիացրել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, երբ Փաշինյանը հրաժարական տա:

Նույն շարքից