Քաղաքական 

Փաշինյանը եկավ ու վերջնագիր ներկայացրեց. Բաղդասարյանը մանրամասներ է հայտնում Փաշինյանի հետ հանդիպումից

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն ինչ-որ պայմաններում համաձայնվի արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, հայտարարեց, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե ինքը միանձնյա որոշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է գնալ դեկտեմբերին: Դա եղել է այն ժամանակ, երբ Ազգային ժողովը քննարկել է աղմուկ բարձրացրած օրենքը՝ կապված ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին:

Բաղդասարյանի խոսքերով, ինքը Փաշինյանին ասել է, որ օրենքը չեն դնի քվեարկության, որից հետո բոլոր քաղաքական ուժերը հայտարարություն կտարածեն ընտրությունները մայիս-հունիսին անցկացնելու մասին, երբ ավարտված կլինեն բոլոր օրենսդրական փոփոխությունները, պատրաստ կլինի նոր ԸՕ-ն և բոլոր ուժերը պատրաստ կլինեն ընտրություններին․ «Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ իր որոշումը վերջնական է, ընտրությունները պետք է դեկտեմբերին լինեն: Ես ասացի, որ այդ պահին պատասխանատվություն չեմ վերցնում դեկտեմբերի մասով: Դա վերջնագիր էր նրա կողմից: Ես պատասխանատվություն էի վերցրել օրենքի քվեարկությունը հետաձգելու համար, որպեսզի քննարկումներ լինեն: Սակայն Փաշինյանի հայտարարությունից հետո որոշում կայացվեց արտահերթ նիստ հրավիրելու մասին: Իսկ թե ինչ եղավ հետո, տեսան բոլորը»:

Բաղդասարյանը հայտարարեց, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու որոշում կայացված չէ ՀՀԿ-ի կողմից՝ հավելելով, որ պետք է քննարկումներ լինեն, պետք է արվի այնպես, որ ցնցումներ չլինեն. «Ես լսել եմ ՀՅԴ-ին, Գագիկ Ծառուկյանին: Չեմ ցանկանում մեկնաբանել այդ խոսքերը: Մենք դեկտեմբեր ամսվա հետ կապված որևէ քննարկում չենք ունեցել։ Դա վտանգավոր քայլ է, քանի որ կարող է ձևավորվել միահեծան խորհրդարան: Ես կարծում եմ, որ այս պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել: Պետք է հնարավորություն տալ վարչապետին աշխատելու համար»։

Նույն շարքից