Հայաստան Քաղաքական 

Եթե իմ որոշելով լիներ, հիմա արդեն հրաժարական տված կլինեի. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ մնացածի մասին՝ ավելի ուշ: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ուժի մեջ է արդյո՞ք իր հրաժարականի մասին որոշումը:

Փաշինյանը հայտնեց, որ Փարիզում ՀՀ նախագահի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ վերջինս վաղը վերադառնա, քննարկումները կշարունակվեն:

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Փարիզում իր գտնվելու օրերին Հայաստանում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, ինչն ինքը հաշվի կառնի: Խոսքը մասնավորապես վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին: Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ-ի հետ, կլինեն քննարկումներ: Վարչապետը նշեց, որ Փարիզում գտնվելու օրերին շփումներ են եղել ՀՅԴ-ի սփյուռքի կառույցի ներկայացուցիչների հետ. «Կարծում եմ, որ կլինեն քննարկումներ»:

Ինչ վերաբերում է իր հրաժարականին, և մասնավորապես նրան, որ որոշ մարդիկ դժգոհ են իր՝ հրաժարական ներկայացնելու մասին որոշումից, վարչապետը նշեց, թե չի ցանկանում նմանվել այն ուժերին, որոնց հրաժարականը պահանջում են, սակայն այդ ուժերը չեն ներկայացնում հրաժարական. «Ուղղակի այս դեպքում հակառակն է: Չեմ ուզում տպավորություն լինի, թե մարդիկ հրաժարական չեն պահանջում, սակայն իշխանությունները համառորեն ցանկանում են հրաժարական տալ: Պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի: Իհարկե որևէ գործողություն չեմ անելու ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար: Բայց մյուս կողմից արտահերթ ընտրությունները պետք է անպայման լինեն, որպեսզի բարիկադային ռեժիմից անցում կատարենք»:

Վարչապետը տեղեկություններ չունի հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալության մասին:

Ինչ վերաբերում է այն սցենարին, որ իր հրաժարականից հետո այլ ուժ վարչապետի թեկնածու կընտրի  և ուժայինների միջոցով կցրի հնարավոր ակցիաները, վարչապետն ասաց, որ դա ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ ժողովուրդն ու իրենք որևէ մեկին նման հնարավորություն չեն տա. «Եթե որևէ մեկը որոշել է, որ պետք է մտնի հայ ժողովրդին խանգարելու դերի մեջ, ժողովուրդը նրան լիկվիդացնելու ձևը կգտնի»:

Փաշինյանը հայտարարեց, թե չի որոշել երբ է հրաժարական տալու՝ հավելելով, որ իր որոշելով, եթե լիներ, հիմա արդեն տված կլիներ, սակայն հանրության կողմից բուռն արձագանքով պայմանավորված պետք է այդ սցենարի մասին մտածել, սակայն դեկտեմբերին ընտրությունները կայանալու են:

Նույն շարքից