Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի ընթացքում վարչապետը հայտնեց, որ ներկայումս բոլորս գտնվում ենք ոչ սովորական քաղաքական իրավիճակում և ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել բանակցությունների, պայմանավորվածությունների քաղաքական տրամաբանության մեջ․ «Նախորդ շաբաթ ձեր տված հարցազրույցը նաև այդպիսի հնարավորություն ստեղծեց, քանի որ այդ հարցազրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ մենք ունենք քննարկելու բան։ Համենայնդեպս որոշակի պատկերացումներ, արդեն իսկ ակնհայտորեն համընկնում են և ըստ էության պաշտպանեցիք դեկտեմբերին ԱԺ-ի արտահերթ ընտրություն անելու գաղափարը և այսօրվա մեր հադիպման նպատակն այդ իրավիճակը քննարկելն է: Ես կուզենայի ավելի մանրամասն լսել ձեր պատկերացումները, թե ինչպես մենք հասնեք այդ նպատակի իրագործմանը և նաև կուզենայի ձեզ հետ կիսել իմ պատկերացումները դրա վերաբերյալ»:
Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծեց, որ հեղափոխության հենց սկզբից իրենք աջակից ենք եղել դրան և սպասել են այդ ծրագրի իրականացմանը․ «Դուք գիտեք, որ բոլոր հարցերով՝ մեծ մասում, ես իմ ժողովրդի կողքին եմ, շարժման կողքին եմ, ձեր կողքին եմ։ Մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք և կատարելու ենք։ Մենք ընդունել են հեղափոխությունն այն պահից, երբ ձերբակալություն էր և այլն։ Ոչ մեկ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա։ Բայց մենք հենց այդ պահից, ամբողջ իմ թիմով կանգնել ենք ձեր կողքին։ Ընդունելով, ճանաչելով ձեզ, ձեր մոտեցումը, ձեր սկզբունքը, ձեր արդարությունը, ձեր պահվածքը՝ դրա միասնական մասնակիցն ենք։ Ես պատրաստակամ եմ միասնական քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, մեր ժողովուրդը ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, որպեսզի հետհեղափոխական քայլեր չլինեն, որպեսզի ավելի ապահով, ավելի հանգիստ, որպեսզի ժողովուրդը արդեն ցանկացած կուսակցության իր ձայնը տա, զարգացում և առաջընթաց լինի։ Ես դրան միշտ կողմնակից եմ եղել։ Ես որպես գործընկեր այդ հարցով պատրաստակամ եմ»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, երբ կառավարությունը ունի ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը, այդպիսի երկրներում և այդպիսի իրավիճակում քաղաքական իրավիճակը չի կարող լարվել, որովհետև լարվածության բևեռները չկան․«Մենք ցանկացած իրավիճակ դիտարկում ենք համագործակցության և համաձայնության հնարավորություններ կառուցելու տրամաբանությամբ, կարծում եմ, որ մեր երկրում գործակցությունն ու երկխոսությունը պետք է դառնա քաղաքական հարաբերությունների հիմնական մշակույթը, մանավանդ, որ մենք ունենք որոշակի ընդհանուր եզրեր՝ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու մասով»,-նշել է վարչապետը։