ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը վարչապետի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով տեղի ունեցած հանդիպման մասին, հայտարարել է, որ այն անցել է կառուցողական, փոխըմբռնման մթնոլորտում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որով կողմերը պայմանավորվել են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:
Եղոյանը նշել է, որ քննարկման օրակարգում ԱԺ ընտրություններ անցկացնելու հարցն է եղել, մասնավորապես դրա ժամանակացույցը, ինչը հուշագրով հաստատվել է:
Հարցին, թե ԲՀԿ-ն այս հուշագրով արդյո՞ք մաքրեց իրեն և այլևս հակահեղափոխական չէ՞, ինչպես հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, Եղոյանը նշել է, որ մաքրվելու կամ չմաքրվելու խնդիր չկա, ամեն օրը բերում է նոր քաղաքական իրադարձություններ:
Ինչ վերաբերում է ԱԺ առանձին պատգամավորների հայտարարություններին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Փաշինյանին և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, վարչապետի խոսնակը կարծիք է հայտնել, որ վերջիններս շատ լավ հասկանում են Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, նոր չեն քաղաքականության մեջ, կառուցողական մոտեցում են ցուցաբերում, ինչը ողջունելի է:
Նիկոլ Փաշինյանն այդ պատգամավորների հետ առանձին չի բանակցել: