Քաղաքականություն 

Փաշինյանը չի կարող անտեսել ՀՅԴ-ն, որքան էլ դրա մեծ ցանկությունն ունենա. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, նրանց նախարարներին փողոցում ազատում աշխատանքից, վերջիններս վստահ են, որ առանց իրենց ոչ հեղափոխություն կլիներ, ոչ էլ հետագա կառավարումն է հաջողվելու։

Մի կողմից Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե ջուր ու մարդ է բերել իշխանափոխության գործը գլուխ բերելու համար, մյուս կողմից էլ ՀՅԴ-ում են այլ պատճառ տեսնում, թե ինչու պետք է հատկապես իրենց հետ իշխանությունը համագործակցի։

Ի դեպ, ՀՅԴ-ն կառավարությունից հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը, նրանց հետ նորից համագործակցելու մասին հարցին ի պատասխան, ասաց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլոր շերտերի մասին»: Ասել է՝ դուռն այս կուսակցության առաջ դեռ փակված չէ, իսկ թե ինչու, դրա հիմնավորումն արդեն լսեցինք դաշնակցական մեր աղբյուրից։

Սփյուռքում դաշնակցության ազդեցությունը շատ մեծ է, և Հայաստանի ցանկացած ղեկավար չի կարող անտեսել այս հանգամանքը, եթե ուզում է, որ սփյուռքի գործոնն ակտիվ աշխատի։ Ըստ մեր աղբյուրի, որքան էլ ներսում ՀՅԴ-ն չցանկանան տեսնել իշխանությունում, չեն կարող հաշվի չառնել դրսի գործոնը։

«Դրսի կառույցներին հիմնականում համախմբում, ուղղորդում են դաշնակցական ուժերը, նրանք այդ երկրների ներսում կարողանում են ինչ-ինչ հարցեր լուծել, այնպես որ Փաշինյանը չի կարող անտեսել ՀՅԴ-ն, որքան էլ դրա մեծ ցանկությունն ունենա»,- եզրափակեց մեր աղբյուրը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից