Միջազգային Քաղաքականություն 

Նախաձեռնություն՝ հայ-ռուսական կապերի ամրապնդմանը նոր թափ հաղորդելու համար

analitik.am

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին:

Հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը և Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, կարևորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան առավել ամրապնդել հայ-ռուսական հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կապերը:

Խորհրդարանի ղեկավարին ներկայացնելով իր նոր գաղափարը` Կոնստանտին Զատուլինը նշել է, որ լինելով հայ ժողովրդի մեծ բարեկամը և տարիներ շարունակ աշխատելով հայ-ռուսական բարեկամության հետագա ամրապնդման ուղղությամբ` հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որի նպատակն է այս ասպարեզներում նոր թափ հաղորդել հայ-ռուսական կապերի ամրապնդմանը:

Նախաձեռնությունը վերաբերում է երկու երկրների պետական, գիտական, մշակութային և հանրային ոլորտներում ոչ ֆորմալ՝ առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանի բարօրության և հայ-ռուսական բարեկամության համար հսկայական գործ կատարած հռչակավոր Լազարյան տոհմի:

Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջև նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային, աշխատանքային, տնտեսական և գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ վեհաժողովն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործին:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ էր ունեցել նաև ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը: Օրերս աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի՝ կազմակերպչական հարցերով աշխատանքային խումբը:

Իսկ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը:

 

Նույն շարքից