Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՅԴ-ն կառավարության հետ չի քննարկել նորից նախարարներ ու մարզպետներ ունենալու հարցը

analitik.am

Հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի խմբակցությունները ՀՀԿ-ի հետ կողմ արտահայտվեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու են բոլոր այն նախարարներն ու մարզպետները, ովքեր այդ պաշտոններին նշանակվել են ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից: Օրերի ընթացքում վարչապետի հայտարարությունն իրականություն դարձավ:

Հոկտեմբերի 8-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուշագիր ստորագրեցին՝ կապված դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ և ուժերի միջև խնդիրները կարծես թե հարթվել են:

Երեկ Կառավարությունում եղան նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը, ովքեր հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Հնարավոր է արդյո՞ք, որ դեպքերի կոնկրետ զարգացումների դեպքում ՀՅԴ-ն կրկին նախարարներ ու մարզպետներ ունենա:

Analitik.am-ի հետ զրույցում Արսեն Համբարձումյանը հայտարարեց, որ նոր նախարարներ կամ մարզպետներ նշանակելու հարցի շուրջ  քննարկում չեն ունեցել, քննարկվել է հարցերի բավականին լայն շրջանակ, այդ թվում նաև անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Համբարձումյանի խոսքերով, քննարկման ընթացքում յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումերը, հիմնավորումները և փաստարկները:

Մեր հարցին, թե ՀՅԴ-ն ստորագրելու է արդյո՞ք հուշագիր՝ հետևելով ԲՀԿ-ի օրինակին, Համբարձումյանը պատասխանել է, որ այդ հարցը չի քննարկվել:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից