Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ծառուկյանի և Փաշինյանի ստորագրած հուշագիրը պատճառ չի կարող լինել կուսակցությունից հեռանալու համար. Պետրոսյան

analitik.am

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վաչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքում կողմերը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Analitik.am-ն այս մասին զրուցեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, ով ասաց, որ դրական է վերաբերվում Ծառուկյանի կողմից հուշագիրը ստորագրելուն. «Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ մի բանին, ինչը ժողովրդի պահանջն է՝ միանշանակ դրական»:

Այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ԲՀԿ-ի շարքերից որոշ մարդիկ հեռանան հուշագիրը ստորագրվելուց հետո, ինչպես գրում է մամուլը, Պետրոսյանը պատասխանեց, որ դա կուսակցությունից հեռանալու պատճառ չէ. «Կարծում եմ, որ ոչ ոք չի հեռանա, իսկ եթե որևէ մեկն էլ փորձի հեռանալ, իրեն բարի ճանապարհ, որովհետև դա կուսակցությունից հեռանալու պատճառ չէ: Եթե ինչ-որ մեկին հեռանալու համար առիթ է պետք, դա ուրիշ բան, բայց այս պահի դրությամբ որևէ մեկի հեռանալու մասին տեղեկություն չունեմ»:

«Մենք մեր ղեկավարի կողքին ենք, և եթե մեր կուսակցության ղեկավարը նպատակահարմար է գտել այդպես անելու, ուրեմն դա ճիշտ է: Որևէ արտառոց բան չի եղել, դա ժողովրդի պահանջն է: Իսկ ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս գալուն, ավելացնեմ, որ որևէ պատճառ չունեմ դրա համար: Ճիշտ է, ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ եղել են տարբեր կարծիքներ, բայց մենք ժողովրդավարական կուսակցություն ենք և եթե ժողովուրդը գտնում է, որ դա է պետք, ապա մենք կընդառաջենք նրանց ցանկությանը»,-ասաց Պետրոսյանը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից