ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի խոսքերով, դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ արտահայտված թվով 16 պատգամավորներից որոշների վրա ճնշում է գործադրվել պետական ապարատի կողմից:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աշոտյանը հիշեցրել է մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության մասին՝ նշելով, որ այսօր Փաշինյանի դիրքորոշմանն աջակցություն հայտնած պատգամավորներից որևէ մեկն այլ կարծիք չի հայտնել, դրա համար կարծիքի նման փոփոխությունը զարմանալի է. «Իմ ունեցած տեղեկություններով, մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը՝ իր բոլոր հնարավորություններով: Անգամ փորձել են գտնել որոշ պատգմավորների վրա արտերկրից ազդելու տարբերակներ: Չեմ բացառում, որ եղել են նաև ինքնակամ կարծիք փոխած պատգամավորներ»:
Աշոտյանը կոնկրետ փաստեր չի ներկայացրել, անուններ չի նշել՝ կոչ անելով իր ասած մարդկանց բարձրաձայնել այդ մասին:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, ճնշում եղել է նաև ամիսներ առաջ, երբ ՀՀԿ խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ. «Այդ ճնշումները եղել են նաև այս ընթացքում: Մարդիկ, ովքեր գտնում են, որ պետք չէ այդ մասին բարձրաձայնել, ես նրանց փոխարեն բարձրաձայնում եմ: Անվանական կարգով չեմ կարող ասել, բայց կարող եմ մտահոգություն հայտնել»: