Հայաստան Քաղաքական Վերլուծական 

Սկսվում է հեղափոխության ամենադժվար փուլը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ:

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ բոլոր կամուրջները չէ, որ այրված են:

Հատկապես հատկանշական է ստորագրված հուշագրի 3–րդ կետը, որով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

Առաջին հայացքից սիմվոլիկ թվացող այս արձանագրումն, իրականում, շատ կարևոր ձեռքբերում է ներկայիս քաղաքական իրավիճակում: Այս կետով, ըստ էության, խաչ է քաշվում Երևանի ավագանու ընտրություններում դոմինանտ դարձած հակաքարոզչության տրամաբանության վրա և սահմանվում են նոր խաղի կանոններ:

Փաստացի այդ կետը ի ցույց է դնում, որ հակահեղափոխության մասին քարոզչական հնարքներն ու միֆերն այլևս ակտուալ չեն, ինչը միանշանակորեն ճանապարհ է բացում նոր քաղաքական դիսկուրս ունենալու համար, դիսկուրս, որտեղ կենտրոնականը կլինի ոչ թե հակաքարոզչությունը, այլ կառուցողական քննադատությունը:

Իհարկե, ցանկացած քարոզարշավ ենթադրում է առճակատում և կոշտություն, առանց այս կոմպոնենտների դժվար է պատկերացնել քաղաքական պայքարն աշխարհի որևէ, նույնիսկ ամենակայացած երկրում: Այլ հարց է, թե որն է այդ կոշտության սահմանն ու նպատակը՝ միմյանց ոչնչացնե՞լը, թե՞ իրար դեմ պայքարելով՝ ծրագրային, գաղափարական մոտեցումների առավելությունները հասարակությանը ցույց տալը:

Հատկապես հիմա, երբ նույնիսկ հանրապետականներից շատերը պատրաստակամություն են հայտնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու և ՀՀԿ–ն որպես խմբակցություն այլևս փոքրամասնություն է, հակահեղափոխության մասին խոսելու որևէ առարկայական նյութ չկա:

Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց այժմ, երբ հակահեղափոխության պոտենցիալն ու հումքն այլևս բոլոր մակարդակներում մարգինալացված է, սկսվում է հեղափոխության ամենադժվար փուլը՝ աշխատելու, ստեղծելու, պոզիտիվ օրակարգեր առաջ քաշելու փուլը:

Շատերին, այդ թվում հեղափոխության առաջամարտիկներին կարող է թվալ, թե հեղափոխությունը խորհրդարանական ընտրություններում իր մրցակիցներին հաղթելուց հետո հայտնվելու է խաղաղ մի հանգրվանում, ինչից հետո կյանքը կարգավորվելու է ինքնզինքն: Ցավոք, իսկ իրականում բարեբախտաբար, այդպես չէ»:

Նույն շարքից