Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի ավագանու առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ շատ լավ տրամադրությամբ է եկել, քանի որ առաջին աշխատանքային օրն է և, իհարկե, հուզված է․ «Պարտավոր ենք մեր երևանցիների, Երևանի բնակիչների բոլոր հույսերն արդարացնել»։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ Երևանի ավագանիում ընդդիմություն չի լինելու, ինչի պատճառով նաև կառուցողական աշխատանք չի լինի, Մարությանը վստահեցրեց, որ իրենց ֆրակցիայում մեծ ընդդիմություն կա․ «Ես վստահեցնում եմ բոլոր այդ մարդկանց, որ մեր ֆրակցիայում այնքան մեծ ընդդիմություն կա, որ արդեն ուրիշ ընդդիմության պահանջ էլ չունենք։ Ընդդմիադիր ֆրակցիաների մարդկանց քանակը կապ չունի, անգամ եթե մեկ հոգի էլ լիներ, մենք անպայման լսելու էինք և եթե լավ առաջարկ լինի, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»,-ասաց նա։