Քաղաքականություն 

Գագաթաժողովը կլինի Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը. Արա Բաբլոյան

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  հոկտեմբերի 9-ին  հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր   ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան և Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, ով Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին,  կարեորել է  նրանց այցը Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր կյանքի մի մասը: Խորհրդարանի ղեկավարը  գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու ՀՀ Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման  գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. և ՀՀ Ազգային ժողովը  2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ:

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության ևս մեկ նշան է: Այն կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների օգտին, ինչը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գագաթաժողովը կլինի Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը և կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի  անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ  Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթաժողովի հաջողությունն ապահովելու և  Ֆրանկոֆոնիային գեղեցիկ  տոն պարգևելու համար:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տոնին տխրություն հաղորդեց գագաթաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ  կորուստ էր ոչ միայն հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,-ընդգծել է Արա Բաբլոյանը :

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ  ֆրանսերենն այն հիմքն է, որը միավորում է Ֆրանկոֆոն երկրներին և որի միջոցով ժողովուրդները կարող են կիսել իրենց գաղափարները, համոզմունքներն ու ապագա ծրագրերը:

Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

 

Նույն շարքից