Քաղաքականություն 

Ներքաղաքական զարգացումներն ազդեցություն չեն ունենա քաղաքապետարանի աշխատանքների վրա․ Հայկ Մարության

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ չի կարծում, որ ներքին քաղաքական զարգացումներն ազդեցություն կունենան քաղաքապետարանի աշխատանքների վրա․ «Բայց քանի որ այլ քաղաքական ուժերը նաև հանդիսանում են Երևանի բնակիչներ, այսինքն ունեն ինչ-որ պատկերացումներ Երևանի մասին, մենք բոլոր հարցերը կլսենք, ինչպես կլսենք յուրաքանչյուր քաղաքացու։ Յուրաքանչյուր Երևանի քաղաքացի իրավունք ունի ներկայացնել պահանջ, խնդիր և մենք դրանք բոլորը կլսենք»։

Նա նաև հայտնեց, որ շատ կարևոր է, որ ավագանու չորս հանձնաժողովների նախագահներից երեքն անկուսակցական են․ «Սա նաև պատասխան է նրան, որ այն ընդդիմությունը, որը պետք է լիներ խմբակցությունից դուրս՝ մեզ մոտ այդ ընդդիմությունը խմբակցության ներսում է։ Յուրաքանչյուր հարց շատ երկար քննարկվում է և շատ տարբեր տեսակետներ կան խմբակցության ներսում, այնպես որ այդ հարցը լուծված է։ Շատ ավելի դժվար է լինելու՝ լավ առումով, որ յուրաքանչյուր հարց շատ ավելի երկար կքննարկվի այդ պարագայում, քան կքննարկվեր ընդդիմադիր խմբակցությունների միջև»։

Իսկ այն հարցին, միշտ է առանց փողկապ լինելու և արդյո՞ք դա է ծառայողի իմիջը, Մարությանը պատասխանեց, որ դա հենց նշան է այն բանի, որ ինքը եկել է ծառայության․ «Ես եկել եմ ծառայության, մեր թիմը եկել է ծառայության,և այո, փողկապի բացակայությունը նշանակում է, որ մենք եկել ենք ծառայության, և սա շատ կարևոր է։ Իհարկե լինելու են խիստ պաշտոնական կամ տոնական միջոցառումներ, որտեղ ես փողկապ կկապեմ, բայց առօրեայում ՝ մեր աշխատանքում լինելու եմ այսպես, որովհետև վստահեցնում եմ, որ չեմ նստելու կաբինետում, այլ վազվզելու եմ ամբողջ քաղաքով, հետևելու եմ աշխատանքներին»,-ասաց նա։

Նույն շարքից