Գլխավոր Քաղաքականություն 

Եթե պատգամավորների վրա ճնշում եղել է, դա եղել է ժողովրդական ճնշում. Փաշինյանը հանդիպեց Բաբլոյանին

analitik.am

Ազգային ժողովում հանդիպել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարեց, որ քննարկել են ստեղծված իրավիճակը:

Ինչ վերաբերում է նրան, թե ի վերջո ինչ տարբերակի վրա են կանգ առել խորհրդարանը ցրելու համար, վարչապետը նշեց, որ սցենարը հրապարակված է, չի փոխվել՝ ինքը հրաժարական է տալու, ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու և խորհրդարանը ցրվելու է:

Իր հրաժարականի մասով Փաշինյանը նշեց, որ դա հաշվարկի հարց է:

Վարչապետ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով իրեն՝ կապված խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ: Նա մասնավորապես նշեց, թե ուրախ է, որ ԱԺ  պատգամավորները լսել են ժողովրդի ձայնը: Նա նշեց, որ ճնշումներ չեն եղել այդ պատգամավորների վրա, իսկ եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշումն է, որովհետև այսօր ԱԺ շատ պատգամավորներ իրենց բարեկամների, հարևանների, երբեմն նաև ընտանիքի անդամների ճնշման ներքո են և նրանք ուղղակի առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են ենթարկվել:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից հնարավոր ճնշումներին, վարչապետը նշեց, որ  իշխանությունն իր ասելիքը հրապարակային է ասել:

Հանրապետականի հետ հուշագիր ստորագրելու մասով Փաշինյանն ասաց, որ երեկ այդ կուսակցության կողմից տարածած հայտարարությունից հետո դրա անհրաժեշտությունը չկա. «Ես ուրախ եմ, որ մարդիկ ադեկվատ են իրավիճակին»:

Վարչապետը հայտարարեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին և արդյունքում չի լինելու ավելի մոնոլիտ խորհրդարան, որը կա այսօր․ «Որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքներին որևէ բան չի սպառնում, որովհետև դա մեր արժեքային համակարգն է, այդպիսին է մեր մոտեցումը»:

Փաշինյանը խոսեց նաև մամուլի մասին՝ հայտարարելով, որ այսօր այն այնքան ազատ է, որքան չի եղել երրորդ հանրապետության ողջ ընթացքում և ամեն տարի այդ ազատությունն ավելի շատ է լինելու. «Հայաստանում օրենքի իշխանությունն ավելի է ուժեղանալու, Հայաստանում լինելու է իրապես անկախ դատական համակարգ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»:

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ երեկվա հանդիպմանը, վարչապետը նշեց, որ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:

ՀՅԴ-ի հետ հուշագիրի մասով պայմանավորվածություն չկա. «Մենք Փարիզում ենք պայմանավորվել, որ հանդիպելու ենք»:

Հիմա Փաշինյանը պետք է հանդիպի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Նույն շարքից