Քաղաքականություն 

Այցիս նպատակը լարվածությունը վերացնելն է. Փաշինյանը հանդիպեց Վահրամ Բաղդասարյանի հետ

analitik.am

Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը, պատասխանելով հարցին, թե կարելի է արդյո՞ք քաղաքական լարվածությունն արդեն վերացած համարել, հայտարարեց, որ իր այցի նպատակը նաև այդ լարվածությունը վերացնելն է:

Հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական իրավիճակն այլևս լարված չէ, վարչապետ Փաշինյանը նշել է, որ իր ցանկությունը միշտ էլ դա է եղել և ինքը միշտ խորհրդարանական ուժերին հորդորով, խնդրանքով ու կոչով է դիմել, որ չարժե իսկապես ներքաղաքական վիճակը լարել, քանի որ կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել. «Ես՝ ինքս, բազմաթիվ անգամներ քաղաքական իրողությունների հետ հաշվի նստել եմ և բնականաբար նույնն ակնկալում եմ մեր գործընկերներից»:

Վարչապետը նշեց, որ աշխատում է սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ:

Ապա Ազգային ժողովի տեսքի մասով, Փաշինյանն ասաց, որ ժողովուրդն է որոշելու: Ինչ վերաբերում է կադրերին և դրանց մասով քննադատությանը, վարչապետը նշեց, որ ինքն ուշադիր հետևում է բոլոր քննադատություններին, ի գիտություն է ընդունում դրանք և կարևոր է համարում դրանք. «Բայց ուզում եմ ասել՝ բացառվում է, որ որևէ մեկն ինձ ավելի կոշտ քննադատի, քան՝ ես: Որևէ մեկն ինձ և մեր կառավարությանը չի կարող ավելի կոշտ քննադատության ենթարկել, քան ես, որ դա անում եմ ամեն օր»:

Փաշինյանը հայտարարեց, թե խնդիր չկա դրված, որ կառավարման մեջ պետք է ներգրավված լինեն միայն կուսակցական կադրերը: Վարչապետի կարծիքով, Հայաստանում կա մեծ ներուժ, որը կարող է դուրս մնալ ընտրությունների արդյունքում, դրա համար քննարկումներ կլինեն այդ ներուժն օգտագործելու համար:

Վարչապետը չգիտի՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, թե՝ ոչ:

Նույն շարքից