Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանում կհիմնվի սննդային հավելումների արտադրություն և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն

analitik.am

Խոստումից՝ ներդրում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա գործարար առաքելության արդյունքում Հայաստանում նոր արտադրություն կհիմնվի:

Բիզնես Արմենիայի աջակցությամբ կանադական «Ատլասֆարմասյութիքալ» ընկերությունը 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։ Հուշագրի ստորագրման արարողությանն, ի թիվս այլ հյուրերի, մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլասֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների՝ սննդորայքի արտադրության և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։ Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի շուրջ 30 աշխատատեղ։ Ընկերության մասնագետներն արդեն դիտարկում են մի քանի արտադրական տարածքներ, այդ թվում՝ մարզերում։

«Մեր թիմն ամենօրյա աշխատանքով խթանում է և ուրախ ենք, որ գործարար պայմանավորվածություններն աստիճանաբար փաստաթղթերի ու ներդրումների են վերածվում։ Կոնկրետ այս ներդրումն էլ Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կանադայի արտագնա գործարար առաքելության արդյունք է»,-նշել է Բիզնես Արմենիայի Գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվեն տեղական շուկայում և կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ»,- նշել է «Ատլասֆարմասյութիքալ» ընկերությանտնօրեն Գիրո Ջեբենյանը։

«Անցած տարի «Ատլասֆարմասյութիքալը» ձեռք բերեց «Քյուֆարմ» ընկերությունը, ընդարձակեց հետազոտական բաժինը։ Ներկայում արտադրում են սննդային հավելումներ, բուսական միջոցներ, պրոբիոտիկներ, որոնք հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար են»,-նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Նույն շարքից