Քաղաքականություն 

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից. Էդուարդ Շարմազանովը` Թուրքիային

analitik.am

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է.

«Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Կորեայի խորհրդարանների խոսնակներին`այս միջոցառումը նախաձեռնելու և ամենամեծ մայրցամաքի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների միջև երկխոսության հարթակ ստեղծելու ուղղված ջանքերի համար: Միջխորհրդարանական համագործակցության այս ձևաչափը կարճ ժամանակում ապացուցեց իր արդիականությունն ու կարևորությունը:

Լինելով հնագույն մշակույթների և քաղաքակրթությունների ծննդավայր` եվրասիական տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի: Անհրաժեշտ է մեծացնել մայրցամաքի երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հարգելի գործընկերներ, Հայաստանը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, հազարավոր տարիների ընթացքում կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջև: Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարևորում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների և հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին:

Ցավոք, Թուրքիան, երկիր, որը կազմակերպել է նման կարևոր և ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է:

Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը այնպիսի մարտահրավերների առջև է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունն ու այլատյացությունը:

Այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից:

Հարգելի գործընկերներ, Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում և երկարատև խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը: Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության և կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ մայրցամաքում:

Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն չէ, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է:

Անդրադառնալով համաժողովի օրակարգին` կցանկանայի նշել, որ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը:

Վերջում, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպումը կազմակերպելու համար և հաստատում 2020 թվականին համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի պատրաստակամությունը»:

 

Նույն շարքից