ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նվազեցրել է Արցախում առկա լարվածությունը: Այս մասին հայտնում է interfax.by-ն:
«Ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մի քանի անգամ մոտեցել իրար և քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքն ակնհայտ է՝ հիմա տարածաշրջանում լարվածությունը նվազել է»,-ասել է Լեբեդևը:
Պաշտոնյայի խոսքերով, կոմպետենտ մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տրվել երկու կողմերից էլ՝ կապված լարվածությունը նվազեցնելու հետ:
«Մենք հույս ունենք, որ երկու երկրների ղեկավարների այս առաջին բովանդակային շփումը շարունակություն կունենա և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման մասով»,-հավելել է Լեբեդևը: