Իրավական Հասարակություն 

Հիմնավորվել է, որ ԲՀԿ-ի թեկնածուն կաշառք է տվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

analitik.am

Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս.Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա.Մ.-ին:

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել նաև Ս.Շ.-ն:

Նախընտրական փուլում՝ 2018թ. սեպտեմբերի 19-ին, Ս.Շ.-ն պարզելով, որ Երևան քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ Շ.Մ.-ն և Ա.Մ.-ն մասնակցելու են կայանալիք արտահերթ ընտրություններին, Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նրանց առաջարկել է կայանալիք ընտրությունների ժամանակ քվեարկել իր ներկայացրած կուսակցության օգտին:

Ա.Մ.-ն Ս.Շ.-ի ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար վերջինիցս պահանջել է դրա դիմաց վճարել իրենց խմելու ջրի պարտքը՝ 150.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ս.Շ.-ն խոստացել է Ա.Մ.-ին և նրա ամուսնուն ընտրություններից հետո վճարել նրանց խմելու ջրի պարտքի կեսը:

Այսպիսով, վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Ս.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա.Մ.-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից