Հասարակություն 

Թավշյա հեղափոխությունն ավտրալահայ ընտանիքին Հայաստան բերեց

analitik.am

Հոկտեմբերի 10-ին Ավստրալիայից իրենց երկու երեխաների հետ Հայաստան ժամանեցին ամուսիններ Արա Աղաջանյանը և Մարինա Օգանեսյանը, որոնք որոշել են բնակություն հաստատել Երևանում:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, նախարարության աշխատակիցները և ընտանիքի բարեկամները:

Բաբկեն Տեր Գրիգորյանը, բարի գալուստ մաղթելով հայրենադարձ ընտանիքին, կարևորեց հայրենիք վերադառնալու որոշումը՝ հույս հայտնելով, որ նրանց քայլը շատ սփյուռքահայերի համար օրինակ կդառնա:

«Այս ընտանիքի հայրենադարձվելը խոսում է այն մասին, որ սփյուռքը հետաքրքրված է Հայաստանով, որ սփյուռքահայերն այլևս Հայրենիք են գալիս ո՛չ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ սեփականատիրոջ իրավունքով»,-  ընդգծեց փոխնախարարը:

Արա Աղաջանյանն էլ նշեց, որ իրենց ուրախությունն ու հուզմունքն աննկարագրելի են, քանի որ այս օրվան երկար են սպասել: Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ՝ նա ցանկանում է իր վերադարձով օգտակար լինել Հայաստանի զարգացմանը, ներդրում անել և աշխատատեղեր ստեղծել:

«Դեռ անցյալ տարի էինք որոշել Հայաստանում հաստատվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ, որոշեցինք շտապել և մինչև տարեվերջ հայրենիք տեղափոխվել: Մեծ հույսերով ենք եկել: ճիշտ է, գիտակցում ենք, որ դժվարությունների բախվելու ենք, բայց չենք վհատվում, քանի որ գիտենք՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Արա Աղաջանյանը:

Մարինա Օգաննեսյանն ընդգծեց, որ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառն իրենց երեխաների՝ 10-ամյա Արսենի և 13-ամյա Գայանեի ապագայով մտահոգ  լինելն է եղել:

«Մեր երեխաները ծնվել և մեծացել են հեռավոր Սիդնեյում, սակայն հաճախակի այցելել և սերտ կապ են ունեցել Հայրենիքի հետ: Մենք էլ ամեն կերպ հետևել ենք նրանց ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Սա է պատճառը, որ ցանկանում ենք, որ նրանք Հայաստանում դպրոց հաճախեն և իրենց ապագան այստեղ կերտեն»,-ասաց Մարիա Օգաննեսյանը:

Նույն շարքից