Աշխատանքային այցով ս.թ. նոյեմբերի 20-22-ը Հայաստան է ժամանել ՌԴ անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի գլխավորությամբ, հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակում ռուսական պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում` մասնավորապես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սպորտաձևերի մասով, հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ռուսական պատվիրակության անդամներն այցելել են Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում` Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիր:
Քննարկումների արդյունքում հայկական և ռուսական կողմերը արտահայտել են իրենց շահագրգռվածությունը ՀՀ և ՌԴ օրենսդրության համապատասխան Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիրի միասնական շահագործման հարցի վերաբերյալ, հայ և ռուս սպորտսմենների պատրաստման համար հետագա արդիականացման և օգտագործման նպատակով հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի հիմնման հարցերի շուրջ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը և ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովը ստորագրել են ռուսական պատվիրակության` Հայաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մտադրությունների մասին արձանագրություն: