Հասարակություն 

Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցներին

analitik.am

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Նույն շարքից