Բարի օր Հասարակություն 

Կարծիքներ՝ Կանադայի վարչապետին Հայաստանի դրոշի գույներով գուլպաներ նվիրելու մասին

analitik.am

Հայտնի է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Նիկոլ Փաշինյանը «Հայկական բրենդ» ընկերության կողմից նվեր են ստանալու հայկական դրոշի գույներով  գուլպաներ։

Analitik.am-ն այս մասին զրուցեց քաղաքագետերի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն վերոնշյալի մասին և ինչպես դա կանդրադառնա Հայաստանի  հեղինակության վրա:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքերով, գուլպա նվիրելը պայմանավորված է նրանով, որ Կանադայի վարչապետը հայտնի է իր գուլպաներով, որի վրա պատկերված են տարբեր երկրների դրոշներ և անգամ մուլտֆիլմի հերոսներ. «Կանադայի վարչապետը առանձնանում է նրանով, որ կրում է գուլպաներ, որոնց վրա պատկերված են տարբեր երկրների  դրոշներ, մուլտֆիլմների հերոսներ, և դա համարվում է իր ոճը: Ինչ  վերաբերում է գուլպաների վրա եռագույնի առկայությանը, դա պրակտիկայում գոյություն ունեցող երևույթ է, ինչպես նաև կիրառելի: Մենք ունենք ՀՀ-ի դրոշի մասին օրենք և եթե գուլպաների վրա դրոշի կիրառումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, ապա ես խնդիր չեմ տեսնում, որովհետև այդ օրենսդրության մեջ հստակ նշված է այն մասին, որ դրոշի պատկերը կամ գույները կարող է քաղաքացիների կողմից օգտագործվել: Տարբերություն չեմ տեսնում նաև, որ ուրիշ երկրի վարչապետը կրի հայկական եռագույնով գուլպաներ, որովհետև այդտեղ  չկա օրենքի խախտում: Իսկ եթե խնդիր կա, որ ՀՀ դրոշի գույներով գուլպաներ արտադրելն անհարգալից վերաբերմունք է կամ բարոյական խնդիր, ապա միանշնակ պետք է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել և գրել, որ գուլպաների կամ ուրիշ առարկաների վրա նկարելու համար չի կարելի օգտագործել հայկական դրոշը: Եթե օրենքով նախատեսված կարգը նման իրավունք տալիս է, ապա այստեղ իրավական տեսանկյունից խնդիր չեմ տեսնում»:

Իսկ ինչ վերաբերում է հասարակության արձագանքին, Սարգսյանը նշեց, որ արդեն հասցրել է տեսնել տարբեր արձագանքներ. «Գուլպաների նախաձեռնության մասին հանդիպածս դեմ և կողմ կարծիքների մեջ ես ավելի շատ հանդիպել եմ դեմ լինողների»:

Ըստ Սարգսյանի, շապիկների վրա հայկական դրոշը պատկերելն այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ դա ոչ միայն համաշխարհային պրակտիկա է, այլ նաև սպորտային հագուստի բաղկացուցիչ մաս:

Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք դա համարել բիզնեսի տեսակ, Սարգսյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում է դա համարվում բիզնեսի տեսակ. «Օրինակ Միացյալ Նահանգներում, ըստ օրենսդրության, դրոշը համարվում է ազգային արժեք և կարելի է պատկերել բացառապես ամեն ինչի վրա, որովհետև դրոշի կիրառման որևէ արգելք չկա: Իրավական առումով այնտեղ սահմանափակումներ չկան»:

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գուլպաների վրա հայկական դրոշի գույները խորհրդանշական բնույթ կրող գործողություն է. « Դա խորհրդանշական բնույթ կրող գործողություն է և լուրջ քաղաքական կոնտեքս տալ իմաստ չունի՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովի շրջանակներում: Չեմ կարծում, որ դա հասարակության համար թիվ 1 խնդիրն է, որը խիստ հուզում է հասարակությանը: Դա այն հարցը չէ, որ հասարակությանը մղի դրա դեմ համազգային շարժում սկսելուն»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից