Արգենտինան Լատինաամերիկյան առաջին երկիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հիմնեց իր դեսպանությունը, իսկ Արգենտինայի առաջին դեսպանությունը Հարավային Կովկասում հիմնվել է Հայաստանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին եւ Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին:
Աբրահամյանը հիշեցրել է, որ Հայաստանը Արգենտինայի հետ վերացրել է մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Այս ամենը, ըստ նրա, վկայում է հայ-արգենտինյան միջպետական բարեկամական հարաբերությունների եւ երկու ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին: «Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին ու ժողովրդին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերած եւ շարունակվող հոգատարության ու ջերմ վերաբերմունքի համար: «Մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցության խորացմանը միտված քայլերը Արգենտինայի հետ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ նախագահն ասել է. «Ինչպես գիտեք, այսօր համայն հայությանը հուզող խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է եւ ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը: ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարեւան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից՝ մենք ամեն ինչ անելու ենք՝ հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Դրա բոլոր նախադրյալները կան՝ ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի եւ միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
«Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե Արցախում, Արգենտինայում, թե հայաշատ որեւէ այլ երկրում, համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը՝ միմյանց սատարելով ու թիկունք լինելով»,- ասել է ԱԺ նախագահը: