Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանում ծխում է կանանց 5 տոկոսը, 16 տարեկանից բարձր տղամարդկանց՝ կեսից ավելին

analitik.am

Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: Առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ` 2008-ից այս օրը հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը:

Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց տարբեր տարիքային խմբերի  շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5 %-ի:

Հայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում էականորեն կսահմանափակվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը, գովազդը, հովհանավորչությունը և այլն:

Օրենքի նախագիծը համահունչ  է ԱՀԿ Շրջանակային  կոնվեցիայի պահանջներին: Այս պահին օրենքի նախագիծը շրջանառվում է շահագրգիռ կազմակերպություններում և քննարկվում է մասնագիտական և հասարակական կազմակերպությունների շրջանակներում:

 

Նույն շարքից