Բարի օր Քաղաքականություն 

Ադրբեջանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ՝ նշելով, որ այն չի համապատասխանում Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ոգուն և հեռու է իրականությունից:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նշել է՝ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ժողովրդավար լինել, պետք է զորքերը դուրս բերեն Արցախից և պայմաններ ստեղծեն փախստականների վերադարձի համար: Հակառակ դեպքում, ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն, հայկական կողմի բոլոր հայտարարությունները կմնան բացառապես որպես միայն խոսքեր:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը ԼՂ հակամարտության մասին հայտարարել էր հետևյալը.

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։

Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։

 

Նույն շարքից