Հայաստան Քաղաքականություն 

Մարալիկում երկուշաբթի օրվանից ստուգումներ են սկսվում

analitik.am

Մարալիկում քիչ առաջ տեղի ունեցավ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և համայնքապետ Արտակ Գևորգյանի հանդիպումը:

Հիշեցնենք, որ Մարալիկում մոտ 2 ամիս է բողոքի ակցիաներ են ընթանում: Համայնքը բաժանվել է երկու մասի: Մի մասը պահանջում են համայնքապետի հրաժարականը՝ փակելով համայնքապետարանի շենքը: Համայնքի մյուս մասը պաշտպանում է Արտակ Գևորգյանին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի համաձայն երկուշաբթի օրվանից ստուգումներ են սկսվելու համայնքում:

Հանդիպման ժամանակ Սանասարյանը խոսել է նաև այն մասին, որ խնդրի լուծումներից մեկը կարող է լինել այն, որ քաղաքապետը հրաժարական տա և տեղի ունենան նոր ընտրություններ, որոնց արդյունքներին որևէ մեկը չի կասկածի:

Գևորգյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են՝ միևնույն ժամանակ նշելով, որ ակցիա իրականացնող քաղաքացիներից ոմանք դա անում են առաջնորդվելով անձնական շահերով:

Հանդիպումից հետո Սանասարյանը բողոքի ակցիա իրականացնողներին խնդրեց գոնե ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիաները՝ նշելով, որ իրենք զբաղվելու են հարցով, իրականացնելու են ստուգումներ, որպեսզի ստանան համապատասխան հարցերի պատասխանները:

Սանասարյանը նշեց, թե հասկանում է այն քաղաքացիներին, ովքեր հրաժարական են պահանջում, սակայն կոչ արեց չփակել համայնքապետարանը:

Բողոքի ակցիա իրականացնողները չեն պատրաստվում դադարեցնել ակցիաները:

Հիշեցնենք, որ երեկ Մարալիկում 15-20 հոգանոց մի խումբ հարձակում էր գործել ԱդեկվաԴ թիմի տղաների վրա:

 

Նույն շարքից