Բարի օր Հասարակություն 

Երեկվա կազմակերպված հարձակման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է. ԱդեկվաԴ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին,  «ԱդեկվաԴ» ծրագրի հեղինակներ  Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը պարզաբանեցին երեկ Մարալիկում տեղի ունեցածի հետ կապված մի շարք հարցեր։ Նարեկ Մալյանն ասաց, որ իրենք ի սկզբանե տեղեկացված են եղել Մարալիկում տիրող իրավիճակի մասին հենց բնակիչներից, ովքեր նշել են, որ  համայնքում պարալիզացված է համայնքապետարանի աշխատանքը, և մի խումբ մարդիկ՝ մոտ 15-20 հոգի, ովքեր աչքի են ընկնում իրենց ոչ ադեկվատ վարքագծով գրավել են համայնքապետարանի շենքը․ «Վարչապետն առաջարկել է Մարալիկի համայնքապետարանին, որպեսզի իրենք իրենց գործունեությունը շարունակեն համայնքի տարբեր գյուղապետարաններում՝ ընդ որում, դա պետք է արվեր գաղտնի, որպեսզի այդ մի խումբ մարդիկ չկարողանան խանգարել։ Մոտ երկու ամիս է համայնքապետարանի գործունեությունը դե ֆակտո կասեցված վիճակում է այդ 15-20 հոգու պատճառով, դրանք այդ նույն մարդիկ էին, ովքեր երեկ ԱդեկվաԴ-ի ուղիղ եթերում էին»։

Մալյանն ասաց, որ իրենք  այդ թեմայով մի անգամ խոսել են  ԱդեկվաԴ-ի եթերում՝ ընդ որում այդ թեմայի թիրախը ոչ թե մարալիկցիներն էին, ինչպես հիմա այդ խումբը փորձում է ներկայացնել, այլ Մարալիկի համայքնապետարանի գործունեության հետ կապված թեման։

Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ իրենք նախատեսել էին այցեր տարբեր մարզեր, որտեղ լուսաբանելու էին տվյալ մարզերի խնդիրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն լուսաբանվում։ Իսկ Մարալիկ այցի մասին իրենք նախապես տեղեկացրել են։ Դանիելյանը նաև պարզաբանեց, թե իրականում ինչն է վիրավորել մարալիկցիներին․ «Իրենց պնդմամբ, վիրավորական է եղել ԱդեկվաԴ-ի եթերում հնչեցված այն միտքը, որ Մարալիկը փոքր քաղաք է, սակայն պատճառը դա չի եղել։ Իրենց պետք էր սադրել մեզ, որ  ինչ-որ քայլի դիմեինք։ Երբ  նրանք ասացին, որ մենք խեղաթյուրում ենք իրականությունը, մենք ասացինք, որ հիմա ուղիղ եթերով իրենք կարող են ներկայացնել իրենց տեսանկյունը։ Երբ իրենք հասկացան, որ մենք չենք դիմակայելու, սկսեցին բղավել և բորբոքվել։ Իմ կարծիքով, ամբողջ իմաստն այն էր, որ մենք ինչ-որ քայլի գնայինք, այնուհետև պատասխանատվության ենթարկվեինք»։

Դանիելյանն ընդգծեց, որ ինքն այս ամենում տեսնում է խուլիգանության նախանշաններ , լրագրողական աշխատանքի խոչընդոտման, ազատ տեղաշարժի իրավունքի և ազատ խոսքի  և նույնիսկ ոստիկաններին չենթարկվելու միտում:  Նարեկ Մալյանն էլ նշեց, որ  այդ մարդիկ ոչ մի կապ չունեն մարալիկցիների հետ, որովհետև մարալիկցիները շատ ադեկվատ մարդիկ են․ «Մարալիկցները շատ նորմալ, ադեկվատ, հյուրասեր մարդիկ են և հետագայում մենք կտեղադրենք այն տեսանյութերը, որտեղ հարցազրույց են անցկացրել Մարալիկի մի շարք բնակիչների հետ»։

Նա նաև ասաց, որ այդ հարցազրույցների ընթացքում իրենք նկատել են երկու տղամարդու, ովքեր հետևել են իրենց․ «Մարալիկ քաղաքում մեր կատարած այցի ընթացքում, երբ ես մարալիկցիների հետ հարցազրույց էի անցկացնում, մեր օպերատորը նկատեց, որ քիչ հեռու երկու տղամարդ մեզ հետևում են՝ մեկը փողկապով  տղամարդ էր և հեռախոսով ինչ-որ ցուցումներ էր տալիս։ Հարցազրույցից հետո մեզ մոտեցան երեք հոգի, որից մեկը տխրահռչակ Հարություն Ումրությանն է, և պահանջեցին, որպեսզի մենք անմիջապես լքենք Մարալիկը՝ ասելով, որ եթե չգնաք, դուք այստեղից ողջ դուրս չեք գա։ Արդեն հետո, երբ մենք ուղիղ եթեր մտանք , հարձակման թիրախ դարձավ մեր օպերատորը։ Նրանք մեզ անվանում էին հակահեղափոխականներ և հիմա մեզ, շեշտեմ, որ մեր կամքին հակառակ, պետք է ուղեկցեին  դեպի հրապարակ, որտեղ հավաքված են 800 հոգի։ Այնուհետև, երբ արդեն իրավիճակն ավելի լարվեց և արդեն հարձակվում էին մեր օպերատորի վրա՝ վնասելով տեխնիկան, մեզ մոտեցավ քաղաքացիական հագուստով մի մարդ, ով ներկայացավ որպես «Անի» համայնքի ոստիկանության պետ, բացի այդ մոտեցան նաև ուրիշ ոստիկաններ՝ ոստիկանական համազգեստով։

Նշեմ, որ այդ մի խումբ մարդիկ չէին ենթարկվում ոստիկանապետի հրահանգներին, և ոստիկաններին ոչ մի կերպ չէր հաջողվում հանդարտեցնել նրանց։ Իսկ արդեն հետո՝ որպես ծայրահեղ միջոց,  ոստիկանապետը մեզ հրավիրեց ոստիկանության բաժին, որպեսզի մեր կյանքին և առողջությանը վտանգ չսպառնա։ Պետք է նշեմ, որ հենց այդ ընթացքում Հարություն Ումրությանը հարձակվեց մեր օպերատորի վրա, վնասեց մեր տեխնիկան, որից հետո երկու անգամ հարվածեց մեր օպերատորին։ Ի դեպ , ասեմ, որ ոստիկանները՝ սկսած ոստիկանության պետից մինչև աշխատակիցներ, շատ ադեկվատ էին, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, բոլորը շատ ճիշտ, գրագետ աշխատեցին»։

Մալյանի խոսքերով, երեկ Մարալիկում տեղի ունեցած հարձակումը կազմակերպված էր․ «Մենք պահանջել ենք ոստիկանությունում, որպեսզի բացահայտեն, թե ովքեր են այս ամենի կազմակերպիչները, և արդեն հետո մենք կպարզենք,  թե ինչքանով նրանք կապ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկվա կազմակերպված հարձակման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է»։

Մալյանի խոսքերով, խուլիգանական խմբեր են ստեղծված, որոնք պատժիչ ջոկատների դեր են կատարում որևէ այլակարծության դեմ պայքար տանելու համար՝ նշելով, որ այս դեպքը բացահայտեց մեր իշխանության իրական դեմքը․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա խուլիգանական խմբին, որովհետև իրենք օգնեցին բացահայտել այն, ինչի մասին մենք վեց ամիս խոսում էինք, և երեկ ուղիղ միացմամբ բացահայտվեց մեր իշխանության դեմքը։ Այս երևույթը մենք անվանում ենք «փաշիզմ»»։

Մալյանը հայտնեց, որ այս պահին գործը գտնվում է Ոստիկանությունում, քրեական գործ դեռևս հարուցված չի։

Նույն շարքից