Քաղաքականություն 

ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի), տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձն ու գիտելիքները պարոն Հորբախը լավագույնս կծառայեցնի ի նպաստ հայ-նիդերլանդական հարաբերությունների խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է և պատրաստակամ՝ առավել ակտիվացնելու երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Նախագահի հավաստմամբ, այդ ցանկությունից ելնելով է, որ Հայաստանը Նիդերլանդներում բացել է դեսպանություն՝ համոզված լինելով, որ այդ քայլը դրականորեն կանդրադառնա երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Նիդերլանդների դեսպանը համակարծիք են եղել, որ չնայած միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Նիդերլանդները բավականին արդյունավետ և բազմաբնույթ փոխգործակցություն ունեն, Նիդերլանդները նաև շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, այդուհանդերձ, երկկողմ հարաբերություններն առավել սերտացնելու և փոխգործակցությունն ընդլայնելու զգալի չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ աշխատել:

Դեսպան Հորբախը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ երկկողմ միջպետական կապերն առավել սերտացնելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Նույն շարքից