Հասարակություն Ֆեյսբուք 

Սեֆիլյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անել այնպես, որ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը կարողանան մասնակցել Միայնակ Գայլի հոգեհանգստին և հուղարկավորությանը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջը և եղբորը՝ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:

Մեր պետականությունը քայքայած և մեր ժողովրդին կեղեքած ռեժիմի մնացորդ դատավորն օրենքի տառի ձեռնածուական և երեսպաշտ մեկնաբանությամբ մերժեց նրանց այդ միանգամայն մարդկային իրավունքը:

Մինչդեռ նրանց պաշտպանները փայլուն կերպով ապացուցեցին, թե տվյալ պարագայում ինչու և ինչպես պետք է իրավունքը լուծի մեռած օրենքի տառը:

Դուք հեղափոխության առաջնորդն եք և ժողովրդից մանդատ եք ստացել երկրում վերահաստատելու իրավունքն ու արդարությունը:

Մեր պետականության և ազգի ապագայի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ Դուք օգտագործեք Ձեր քաղաքական ազդեցության և անուղղակի կառավարման մյուս բոլոր լծակները, որպեսզի ռեժիմի մնացորդները չշարունակեն ամեն քայլափոխի օրենքի տառը վկայակոչելով ոտնահարել դրանք:

Այս ոլորտում առկա ճգնաժամը հանգուցալուծելու ամենակարճ և արդյունավետ ձևը նախկին հանցավոր ռեժիմի և նրա կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի ամբողջական ու լիակատար իրավաքաղաքական գնահատականն է, որ մինչ օրս չի տրվել: Այդ գնահատականի օրգանական բաղադրիչը Սասնա Ծռերի հերոսական ապստամբության և մեր ժողովրդի զավակների այլ ընդվզումների իրավաչափության և խրախուսականության վերաբերյալ միանշանակ վերաբերմունքը պետք է լինի, որպեսզի դրանց մասնակիցները բռնապետական օրենքի տառին համապատասխան հետապնդվելու և ամբաստանվելու փոխարեն իրենց արժանի տեղն ու կարգավիճակը ստանան մեր հասարակության մեջ:

Հարգելի պարոն վարչապետ

Իրենց ընկերոջ և եղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մարդկային իրավունքը կյանքի կոչելու Ձեր քայլն էապես կամրապնդի մեր ժողովրդի հավատն ու վստահությունն իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում:

Հարգանքով՝ Ժիրայր Սէֆիլյան

Նույն շարքից