Գլխավոր Քաղաքականություն 

Ուրախ եմ, սիրելի Ջասթին, ողջունել քեզ Հայաստանում. Վարչապետ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն «դու»-ով են շփվում իրար հետ

analitik.am

Ջասթին Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որ պաշտոնական այցով ժամանում է Հայաստան, սա պատմական իրադարձություն է: Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Կանադայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս պատմական իրադարձությունը պատմական զարգացումներ կբերի:

Փաշինյանը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հայ-կանադական հարաբերություններին և միջազգային կյանքին:

ՀՀ վարչապետը պնդեց, որ ըստ էության բոլոր հարցերի վերաբերյալ կան ընդհանուր պատկերացումներ՝ հավելելով, որ Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Ուրախ եմ, որ ունենք Թրյուդոյի նման հեղինակավոր գործչի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, օրենքի իշխանության զարգացման գործում և որևէ կասկած չկա, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն ամուր հենված են ժողովրդավարական արժեքների վրա և հենց այդպես է Հայաստանն առաջ շարժվելու»:

Փաշինյանը նշեց, որ հայ-կանադական հարաբերություններում կա լավ մթնոլորտ, իսկ հանդիպման ժամանակ հստակ խնդիր է ձևակերպվել այդ լավ մթնոլորտը վերածել լավ գործերի, որպեսզի Հայաստանի և Կանադայի միջև ավելի շոշափելի շփումներ լինեն:

ՀՀ կառավարության ղեկավարը հայտնեց, որ Կանադայի վարչապետի հետ խոսել է մարդկային կապերի ամրապնդման մասին ևս. «Մարդկային հարաբերությունների մասով ամեն ինչ լավ է: Այս օրերի ընթացքում մի քանի անգամ հանդիպել եմ Թրյուդոյի հետ, ում արդեն համարում է լավ ընկեր ու լավ բարեկամ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլ նաև անձամբ ինձ համար։ Ուրախ եմ, պարոն վարչապետ, սիրելի Ջասթին, ողջունել քեզ Հայաստանի Հանրապետությունում և հույս ունեմ, համոզված եմ, որ հանդիպելու ու խոսելու բազմաթիվ առիթներ կունենաք, և այդ շփումները կոնկրետ արդյունքներ կտան»:

Նույն շարքից