Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհակալ է ՀՀ վարչապետին և ամբողջ թիմին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները սքանչելի կազմակերպելու համար: Այս մասին Ջասթին Թրյուդոն հայտարարեց ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թրյուդոն խոսեց նաև Հայոց Ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին՝ նշելով, որ դա իր համար շատ զգացմունքային փորձառություն էր. «Մենք պետք է ասենք, այլևս երբեք»:
Կանադայի վարչապետի խոսքերով Փաշինյանի հետ հանդիպումը թույլ է տվել քննարկել հարցեր, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, հայ-կանադական հարաբերություններին, որը հիմնված է հարգանքի և բարեկամության վրա:
Թրյուդոն խոսեց նաև Կանադայի հայ համայնքի մասին՝ հայտարարելով, որ վերջիններս երկու երկրների հարաբերությունների կենտրոնում են և նրանց համար այս հանդիպումը շատ կարևոր է. «Կանադայում 60 հազար հայ կա, որը հարստացնում է մեր երկրի համայնապատկերը: Ինչպես ասել է Կանադայի խորհրդարանի առաջին հայ անդամ Սարգիս Ասատրյանը, կանադահայերը շարունակում են իրենց տաղանդն ի նպաստ դնել ավելի լավ Կանադա կառուցելու համար և սա շարունակում է ճշմարտություն մնալ նաև այսօր: Հայկական համայնքն ապացուցում է, որ բազմազանությունը Կանադայի ամենաուժեղ կողմերից մեկն է»:
Կանադայի վարչապետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի և Կանադայի ընդհանուր ապագան. «Մեր մերձեցումը շարունակվելու է: Մենք օրինակ որոշեցինք դյուրացնել մեր երկրների մեջ ճամփորդությունը: Այսօր 21 ժամ է պետք Կանադայից Հայաստան հասնելու համար: Մենք այսօր քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում է օդային փոխադրումներին: Ես աշխատելու եմ դյուրացնել մեր շփումները»:
Թրյուդոն խոսեց նաև ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման մասին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև այդ հարցը. «Մենք միասին կստեղծեք փայլուն ապագա»։