Քաղաքականություն 

Սամվել Մայրապետյանին կվաճառվեն Սիրահարների այգու և Պռոշյան, Դեմիրճյան փողոցների հարակից տարածքները

analitik.am

Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության և պետության կարիքների համար» ձևակերպմամբ: Կառավարությունը գտնում է, որ «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»: Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»:

Նախագծից պարզ է դառնում նաև, որ կառուցապատման ծրագրերով uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ,  խաղահրապարակներ և, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:

Ի դեպ, նշենք որ օտարվեղ նոր տարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվելու են «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը, որն արդեն իսկ հայտնի է մայրաքաղաքում նմանատիպ ծրագրերի իրականացմամբ: Բավական է հիշել դեռևս 2008 թ.-ին կառավարության կողմից  գերակա շահ ճանաչված Պուշկինի 2 հասցեի հիներևանյան շենքը, կամ Պուշկին 38 հասցեում բնակելի շենքերով շրջապատված բակը, որտեղ այս ընկերությունը 2009 թ.-ին նոր շենք կառուցելու թույլտվություն ստացավ: Իսկ վերջին այսօրինակ նվերը «Լոկալ Դիվելոփըրզ»-ին կառավարությունն արել էր այս տարվա օգոստոսին` Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելով, և դրանք ևս կառուցապատման իրավունքով, հանձնելով նույն ընկերությանը:Եվ ահա, այս ծրագրերը դեռ չիրականացրած, կառավարությունը նույն ընկերությանը հիմա էլ նոր տարածք է տրամադրում:

Հիշեցնենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը: Նշենք, որ կառուցապատման և դրա արդյունքում նոր գերակա շահ հռչակելու վերաբերյալ այս նոր նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետը: Իսկ նախատեսվող պայմանագիրը Ս. Մայրապետյանի հետ ստորագրելու է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Սկզբնաղբյուրը՝ Փաստինֆո

Նույն շարքից