Քաղաքականություն 

Երևանի պատմության ընթացքում մարդկային որոշակի կերպարներ դոմինանտ են եղել․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ․

«Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ,

Վեհափառ Տեր,

Ավագանու հարգելի անդամներ,

Սիրելի հյուրեր,

Հարգելի քաղաքապետ, Հարգելի պարոն Մարության, սիրելի Հայկ․

Շնորհավորում եմ մեզ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ։ Այսօրվա իրադարձության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։ Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը շատ բարձր է եղել, բայց դա կապ չունի, այո, մի անգամ ընտրության ժամանակ բարձր կլինի տրամադրությունը, երկրորդ անգամ ոչ այդքան բարձր, երրորդ անգամ սովորական, չորրորդ անգամ աշխատանքային։ Սակայն, առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը, և որոշման կայացման ազատությունը ժողովրդի կամարտահայտման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի։ Այո, այդպես է, մեր որոշումները երբեմն ազդվում են մեր տրամադրություններից, բայց կարևորը ոչ թե տրամադրությունն է, այլ կարևորն այն է, թե ով է որոշում կայացնող սուբյեկտը։ Որոշում կայացնող սուբյեկտն է և լինելու է քաղաքացին։Եվ սա մի ավանդույթ է, որը Հայաստանում գոյություն ունի և հիմնադրված է անշրջելիորեն։

Երևանն իսկապես շատ հզոր քաղաք է, և երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո։ Եվ ես ուզում եմ այսօր հիշատակել այսօրվա Երևանի պատկերի հիմնական բովանդակության առանցքային ստեղծողին՝ Ալեսանդր Թամանյանին, ով իսկապես իր գործով մի նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, ով ըստ էության, ճակատագրի բերումով հայտնվել էր քաղաքային կյանքի և քաղաքային կորստի եզրին։

Եթե ինձ հարցնեն, թե ովքեր են այն առանցքային մարդիկ, որոնք կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն քաղաքացու կերպարը, ովքեր դուրս եկան հրապարակ և ասացին, որ մենք տերն ենք մեր երկրի և հայրենիքի, ես երեք անուններ կտայի՝ Կոմիտաս, Թումանյան և Թամանյան։

Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, մարդկանց հետ ազնիվ լինելը, որովհետև սխալ է ենթադրել, որ մենք և Երևանի քաղաքապետը, ավագանին, պաշտոնյաները սխալներ թույլ չեն տալու, բացարձակապես, մեզնից ոչ մեկը կատարյալ չի։ Մեր կարևոր առաքելությունը երբեք ոչ մի բանում չխաբելն է, իսկ մնացածը տեխնիկական հարցեր են՝ կշտկվեն»։

Ես ոզում եմ խոսել նաև նոր Երևանի, նոր մայրաքաղաքի կերպարի մասին։ Երևանը երկար պատմություն է ունեցել և այդ երկար պատմության ընթացքում մարդկային որոշակի կերպարներ դոմինանտ են եղել մեր քաղաքում։ Ես չգիտեմ ինչպես էր դա որոշվել, բայց շատ մեծ սիմվոլ կար նրանում, որ քաղաքապետի լանջաշղթան քաղաքապետին հանձնեցին Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը։

Ես ուզում եմ հուսալ և հավատալ, որ սա մեր ուղերձն է նոր Հայաստանի, նոր մայրաքաղաքի, քաղաքացու դոմինանտ տեսակի համար, կներեք այդ բառի համար, որովհետև մենք պատկերացնում ենք, որ նոր Երևանում պետք է ապրեն նրանք, ովքեր ձգտում են հարգանքի, ովքեր հարգալից են ուրիշների նկատմամբ, օրենքի նկատմամբ, երկիրը պետությունը հարգելու ընդունակություն ունեն»։

Նույն շարքից