Քաղաքականություն 

Մեր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունը մեր թիմի շատ երիտասարդ լինելն է․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ իր տված հարկերը չեն գողանում․ «Այսօր մենք պետք երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը։ Ժողովուրդը պետք է համոզված լինի, որ իր տված հարկերը չեն գողանում։ Այո, դեռևս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, և դեռ ճանապարհներ կան, որ պետք է անցնենք, այդ պռոբլեմը դեռ կա, որը պետք է լուծենք»։

Վարչապետի խոսքերով յուրաքանչյուր քաղաքացի իր վճարած ամեն կոպեկին պետք է վերաբերվի որպես իր տան դարակի մեջ դրված գումարի, որը նախատեսված է ընտանիքի օգտագործման համար։

Փաշինյանը խոսեց նաև, իրենց ուղղված դիտողությունների մասին՝ առանձնացնելով այն, որ ասում են, թե իրենց թիմը շատ երիտասարդ է․ «Մեր քաղաքական շրջանակին, թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, որ մեր թիմը շատ երիտասարդ է։ Ես չգիտեմ դա երբ է առավելություն համարվում, երբ է թերություն համարվում, սակայն շատ կարևոր եմ համարում, որ այս երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում կամ դրժում։ Եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա, ուրեմն դա մեր բացթողումն է, մեր սխալն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ընկալումը որևէ կերպ շտկվի»։

Նույն շարքից